Մոտ 20 տարի առաջ էր, ավարտել էի իմ ամենասիրած գրքերիցս մեկը` «Հավատքի էջեր զորավար Անդրանիկի կյանքից», որը պատկերազարդել էր նկարիչ Նիկօն:
Ծանր հիվանդացա և տեսա որ մեռնում եմ: Առաջին խնդիրը ինձ համար գիրքն էր, որ հարկ էր փրկել, հրատարակել: Եվ քանի որ Նիկօն ոչ միայն իր նկարչությամբ համահեղինակ էր գրքին, այլ նաև կատարյալ մի մարդ, կարելի է ասել` մարդ-սպեղանի, այսինքն թե` Աստծով էր իմ ընկերը, հոգու ընկեր էր, վեր աշխարհի հասկացողություններից, ապա մտածեցի, որ գրքի տեքստը հանձնեմ նրան, որպեսզի Տիրոջ օգնությամբ հրատարակի:
Զանգեցի Նիկօյին: Ասացի` մեռնում եմ, բայց գիրքն է ափսոս: Արի, տեքստը վերցրու, որ Տիրոջով հրատարակես, համ էլ բարեպաշտ լրջությամբ հրաժեշտ կտանք:
Նիկօն ամենայն լրջությամբ հասկացավ ինձ, ու թե` հետս ի՞նչ բերեմ:
Ասացի` մի շիշ դառը, կարմիր գինի և մի պատառ հաց, որպեսզի քրիստոնեավարի հրաժեշտ տանք:
-Լավ,- ասաց Նիկօն և, երկու շիշ գինի ու հաց բերեց:
Առաջին բաժակից հետո զարմանալի բան զգացի, մեջս կյանք մտավ: Մի երկու բաժակից հետո, երկար ժամանակ մեջքի վրա պառկած, ուզեցի նստել: Ապա և նստեցի: Ապշել էի: Նման հասանելի հրաշքի Նիկօյի նման աստվածային ընկեր ունենալ էր պետք, և փայփայված հավատ ունենալ, որ ահա կար:
Նիկօյի գնալուց հետո, թեպետ դժվարությամբ, կարողացա քայլել, և թեպետ դժվարությամբ հասնել խանութ` դեղ, այսինքն` գինի և հաց գնելու:
-Ով որ չխմի Իմ արյունը և չուտի Իմ մարմինը, Իր մեջ կյանք չի ունենա,- ասաց Հիսուս Քրիստոս: Այդ հրաշքը կատարվեց ինձ հետ;
Եվ ես ոտքի ելա, կազմակերպեցի գրքի հրատարակումը, չկարողանալով անգամ աստվածային ընկերոջս` Նիկօյի աշխատանքի դիմաց գումար գտնել: Մի բառ իսկ չդժգոհեց:
Եվ եթե հավելենք, որ այդ կենդանությունից հետո արդի հայերենի փոխադրեցի Նարեկն ու Սաղմոսարանը և տասնյակներով հոգևոր այլ աշխատանքներ, ապա առակս այն է ցուցանում, որ եթե անապատում էլ գտնվելիս լինենք, մանավանդ, հոգևոր անապատում, ապա հիշենք, որ Աստծո խոստումը ամեն տեղ է հասանելի, եթե անգամ մոտակայքում քահանա չկա, բայց հավատ ունենք:
Ապա Նիկօն չկարողանալով այս խարդախ աշխարհին դիմակայել, հեռացավ` Տիրոջ բազմաողորմության մեջ:
Եվ այսօր, կրկին շատ կարևոր մի գիրք հրատարակելու շեմին, չարից մահացու հարված ստացա:
Եվ ձեռքս կրկին երկարեցի Կյանքի դեղին, որ ավանդեց Հիսուս. «Ով որ չխմի իմ արյունը և չուտի իմ մարմինը, իր մեջ կյանք չի ունենա»: Սուրբ Հաղորդության մասին է, որ եթե հնարավորություն չունես եկեղեցում քահանայի օրհնյալ ձեռքով ընդունելու, ապա ինքդ էլ հավատով կարող ես օրհնել և օրհնությամբ ճաշել` հանուն քո կյանքի:
Օրհնյալ են եկեղեցական կարգերն ու կանոնները, բայց կյանքիդ մահացու նեղ ժամերին ինքդ էլ կարող ես օրհնել սուրբ հացն ու գինին և ճաշակել հանուն կյանքիդ, որ Աստված է տվել: Ով դեմ է, դեռ Ավետարանը անգիրի չափանիշով է դիտում, որ և կռապաշտություն է անսահման սեր հեղող Արարիչ Աստծո առաջ, Քրիստոսի կատարյալ սիրո և Իր կյանքը հանուն քո Նրա ներդնելու առաջ:
Օրհնյալ են եկեղեցու կարգերն ու կանոնները, բայց կա նաև ամիջական Աստծո Խոստմանը վստահող մեր անհատական մերձակցությունը Քրիստոսին, որ ոչ մի օրենքով, պայմանով կամ կանոնով արգելափակված չէ` Իրեններին փրկագործելու: Եթե առկա է ամենակատարյալ պատվիրանը մեր կյանքում. «Սիրիր քո Աստծուն ամեն բանից առավել և քո ընկերոջը սիրիր, ինչպես քո անձը»:
Օրհնյա՜լ է Աստված:
Եկեղեցական կարգերն ու կանոնները շատերիս փրկության համար են, ինքս էլ կարևորելով դրանք, փոխադրել եմ արդի հայերենի, սակայն հիշենք որ Խոստումը ըստ հավատի է: Որ երբ կողքիդ քահանա չկա, ամոթ է քո հավատի չափանիշին, որ հացն ու գինին չես կարող օրհնելով ճաշել հանուն քո կյանքի` Տիրոջով: Հազարապատիկ է ամոթ: Քա՛ջ լինենք հավատի մեջ: Փարիսեցի չլինենք կամ փարիսեցի չմնանք։
Եվ Աստծո լիառատ օրհնանքն եմ մաղթում ի սրտե բոլոր ինձ և քրիստոնյա եղբայրներիս առողջություն մաղթողների համար:
Աստված նեղ պահին օգնության հասնի ամենքիս և առանձին` Իր մեծ ողորածությամբ և Մերձավորի Սիրով:
Ամենայն ժամ: Միայն թե հավատանք: Ի սրտե հավատանք:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Կրոնի տեսաբան